Պատմություն, Uncategorized

Պատմություն

1. Թվարկե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքները: Ցույց տվե՛ք դրանց հետևանքները:

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։ Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։ 12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյաններիհիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։



2. Ներկայացրե՛ք Զաքարյանների ազատագրական պայքարի արդյունքները:

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները: Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում (908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։ Վերջիններիս արշավանքը Հայաստան տեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։ Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլա ամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատիոնիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։ Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը: Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում: Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլու թուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։

 

Թողնել մեկնաբանություն